Համաշխարհային մամուլ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը վերցրել է իր վերահսկողության տակ և կառավարությունը գործում է: Նա խոստացել է «դաժան հատուցում» գեներալներին, որ կապված են հեղաշրջմանը և հայտարարել, որ իրենց վարկաբեկած զինվորականները պետք է հրաժարական տան: Հինգ գեներալներ և 29 գնդապետներ արդեն պաշտոնանկվել են, հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է 1500 մարդ: Հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 90 մարդ /թիվը նախնական է/, հիմնականում Անկարայում ու Ստամբուլում: Վերլուծելով հեղաշրջման պատճառները՝ Bloomberg-ը հիշեցնում է, որ վերջին երեք տարիներին Էրդողանը լրջորեն խստացրել է իշխանությունը, ճնշել բանավեճերը, ցավոտ հարվածներ հասցրել խոսքի ազատությանը, ԶԼՄ-ներին, սոցիալական ցանցերին՝ հընթացս բախվելով կոռուպցիայի մեղադրանքին: Այս ամենը «բևեռացրել է բնակչությանը և վախեցրել ներդրողներին»:
Զինվորականները հայտարարեցին, որ վերցրել են իշխանությունը, որպեսզի պաշտպանեն աշխարհիկ ավանդույթները Թուրքիայում և վերջ դնեն երկրի իսլամացման քաղաքականությանը:
Նրանց ջանքերը ձախողվեցին՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը ապստամբությունը հաջողվեց ճնշել: Սակայն լուսաբացին երկրի որոշ շրջաններում բախումները շարունակվում են՝ հաղորդում է Guardian-ը: Ստամբուլում իրավիճակը հանդարտվել է՝ օդանավակայանում Էրդողանին դիմավորեցին հազարավոր կողմնակիցներ: «Քաոս երկրում»՝ բնութագրում է իրավիճակը Թուրքիայում Wall Street Journal-ը: Հեղաշրջումը Թուրքիան սուզում է քաոսի մեջ՝ երկրորդում է Financial Times-ը: Էրդողանի վերջին հայտարարությունները ցրեցին տագնապները, որ Թուրքիան՝ մերձավորարևելյան քաղաքականության մեջ գլխավոր խաղացողը, կխորացնի ընդհանուր անկայունությանը տարածաշրջանում՝ հաղորդել է CNN-ը:
Թուրքիայի արևմտյան դաշնակիցները դեռ գիշերը աջակցություն էին հայտնել «Թուրքիայի ժողովրդավարորեն ընտրված կառավարությանը և նախագահ Էրդողանին»՝ ինչպես հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Պետքարտուղար Ջոն Քերին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսելուց հետո, հայտարարեց, որ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած հետևում է Թուրքիայում ծավալվող իրադարձություններին: Նա «բացարձակ աջակցություն» հայտնեց Անկարային: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես հաստատեց աջակցությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակցին, երբ սպաները հայտարարեցին իշխանությունը գրավելու մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «հանգստության ու զսպության» կոչ արեց դաշնակցի հետ «կենսականորեն կարևոր» կոալիցիայում: Թուրքական բանակը թվով աշխարհի հինգ մեծ բանակներից է և ՆԱՏՕ-ի ամենամարտունակ անդամներից մեկը:
Թուրքական մամուլ
Yarına Bakış. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները արձագանքել են մի խումբ զինվորականների հեղաշրջման փորձին: Այդ հայտարարություններում շեշտը դրվում է ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտության վրա: Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը ասել է, որ Թուրքիան շատ է տառապել հեղաշրջումներից, և դա չպետք է կրկնվի: Ազգայնական կուսակցությունը պնդում է, որ Թուրքիայում բազում պրոբլեմներ կան, որոնց լուծման միակ ճանապարհը ժողովրդավարությունն է:
Star. Թուրքիային փորձում էին հեղաշրջման մեջ ներքաշել 2013-ից, բայց թուրք ժողովուրդը համբերատար և վճռականորեն դեմ հանդես եկավ Գեզիի իրադարձություններին, դեկտեմբերի 17-25-ի կոռուպցիոն սկանդալին, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչությանը: Այդ գիշերվա հեղաշրջման փորձով «Գյուլենի Ջամաաթը» արագացրեց վախճանը և հուլիսի 15-ը դարձավ ժողովրդավարության հաղթանակի օր Թուրքիայում: Ժողովուրդը վերջ դրեց հեղաշրջումների դարաշրջանին, որոնք այլևս չեն կրկնվի: «Գյուլենի Ջամաաթի» ներկայացուցիչները բանակում խիստ կպատժվեն:
Yeni Şafak. Անցած գիշեր Թուրքիան բախվեց ամենաամոթալի իրավիճակի՝ հեղաշրջման փորձի, որ ճնշվեց շնորհիվ նախագահի ու քաղաքական իշխանության վճռական գործողությունների: Կատարվածն ամենայն թափանցիկությամբ ցույց է տալիս վտանգը, որ ներկայացնում է «Գյուլենի Ջամաաթը»: Անցած գիշեր բախումներ եղան, եղան զոհեր, խորհրդարանի շենքի վրա ռումբ նետվեց: Շնորհիվ ժողովրդի ցույց տված դիմադրության, քաղաքական իշխանությունների և ԶԼՄ-ների դիրքորոշման, հեղաշրջումները Թուրքիայում պատմության գիրկն են անցել: Habertürk. Իշխանությունները և բանակը (կամ զինվորական ապստամբների մի մասը) Թուրքիային հասցրին քաղաքացիական պատերազմի շեմին, թեպետ «քաղաքացիական պատերազմը» առանց այդ էլ չէր դադարել կրոնի, էթնիկ ծագման, ժողովրդավարական ու հանրապետական արժեքների առանցքի վրա: Հեղաշրջման փորձը այդ իրադարձությունների գագաթնակետն է: Բայց հեղաշրջումը հեղաշրջում է և որքան էլ հակաժողովրդավարական լինի իշխանությունը, հեղաշրջումը հակաժողովրդավարության գագաթնակետն է ու ժողովրդավարության բացակայությունը:
Türkiye. «Ջամաաթ Գյուլեն» ահաբեկչական կազմակերպությունը հեղաշրջման փորձ արեց, կրակ բացեց խաղաղ բնակչության վրա, ռումբ նետեց խորհրդարանի շենքի վրա: Նախագահ Էրդողանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով դուրս գալ փողոց և բողոքարկել հեղաշրջումը: «Ջամաաթ Գյուլենի» ներկայացուցիչների օդից գրոհի պատճառով 17 ոստիկան զոհվեց: F-16-ը խփեց ուղղաթիռը, որ ապստամբները օգտագործում էին: Հեղաշրջման դեմ բողոքող քաղաքացիները հավաքվեցին Գլխավոր շտաբի դիմաց Անկարայում:
Թվիթերյան գիշերային գրառումներ
Դոնալդ Տուսկ. Տարաձայնությունները, պրոբլեմները չեն կարող զենքով լուծվել: Ռազմական հեղաշրջումները տեղ չունեն ժամանակակից Թուրքիայում: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը այլընտրանք չունեն:
Մադլեն Օլբրայթ. Խորապես անհանգստացած եմ Թուրքիայի իրադարձություններով: Միանում եմ ԱՄՆ նախագահի կոչին՝ աջակցել ժողովրդավարական կառավարությանը, խաղաղությունն ու տեղեկատվության ազատ փոխանակումը:
Գերմանիայի ԱԳՆ. ԱԳ նախարար Շտայնմայերը խստիվ դատապարտում է Թուրքիայում ժողովրդավարական ու սահմանադրական կարգը կասկածի տակ դնելու փորձերը՝ ուժի միջոցով::
Ալեքսանդր Մակլաուդ. Թուրքիան անվանել ժողովրդավարական, որովհետև այնտեղ ընտրություններ են լինում, նույն է, թե կոկա-կոլան համարել առողջության համար օգտակար ըմպելիք, որովհետև մեջը ջուր կա:
Յենս Ստոլտենբերգ. Հենց նոր խոսեցի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, ես կոչ եմ անում հանգստության, կարգուկանոնի և լիակատար հարգանքի թուրքական ժողովրդավարական ինստիտուտների և Սահմանադրության նկատմամբ:
Ստրուոբ Թելբոտ. Ինչ գիտենք մենք, միայն այն, որ ԱՄՆ-ի մեծ դաշնակիցը, տարածաշրջանում կայունության ու անկայունության համար չափազանց կարևոր, բախվել է կործանման սպառնալիքին:
Հ.Գ. Համաշխարհային և թուրքական մամուլից, Թվիթերից արված մի քանի մեջբերումները հավաքում են խճանկարը կես օր տևած հեղաշրջման, որ եթե պատմության մեջ մտնի, մտնելու է ՛՛Ինչպես չէին ուզում վերցրած իշխանությունը պահել՛՛ որակումով: Գործնականում արյունոտ հեղաշրջում՝ թատերական պիեսի բնորոշ զարգացումներով: Թատրո՞ն, թե՞ իրականություն՝ ի՞նչ էր Թուրքիայի երկու գլխավոր քաղաքներում բեմադրվում, և ու՞ր էր ամբողջ գիշեր պիեսի հեղինակը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ հայտնվեց հայտարարելու ժողովրդավարության հաղթանակը: Շատ տարօրինակ ժողովրդավարություն է ու շատ տարօրինակ հաղթանակ, երբ կամուրջների վրա զինվորներ են գլխատում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ